ԵՂԵՎՆՈւ «ԱՍԵՂՆԵՐԻ» ՕԳՏԱԿԱՐՈւԹՅՈւՆԸ
Հին ժամանակներում եղևնու ասեղները օգտագործում էին տարածքների ախտահանման համար․ թոքային հիվանդներին ծխեցնում էին վառված եղևնու ճյուղերով, իսկ ծանր հիվանդների խրճիթների հատակը ծածկում էին եղևնու ասեղներով։
Եղևնին պարունակում է եթերային յուղեր, բնական կենսաբանորեն ակտիվ նյութեր և միացություններ, որոնք ունեն հակաբակտերիալ և հակամանրէային ազդեցություն, հատկապես ստաֆիլոկոկի նկատմամբ՝ որը բրոնխոթոքային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառն է։
Եթե հաճախ եք մրսում կամ տառապում եք երկարատև հազից, տան մեջ կենդանի եղևնին պարզապես անհրաժեշտ է։ Թարմ ասեղների բույրը վերացնում է նյարդային գերլարվածությունը և բարձրացնում տրամադրությունը։ Եթե շատ եք հոգնել կամ նյարդայնացել՝ ասեղնատերև լոգանքը արագ կօգնի վերականգնվել։
Ասեղնատերև լոգանքները բարելավում են ներքին օրգանների արյան մատակարարումը և նվազեցնում բորբոքումը։ Դրանք անփոխարինելի են ցավային համախտանիշի նվազեցման, հոդերի հիվանդությունների, ստամոքսի խոցային հիվանդության և կլիմաքսային խանգարումների դեպքում։
Դրանք պատրաստելը բարդ չէ․ երկու բուռ ասեղ լցնում են 1 լիտր եռման ջրի մեջ, եփում 10 րոպե, քամում և ավելացնում պատրաստված լոգանքին։ Ամբողջական կուրսը՝ 15–20 պրոցեդուրա։ Ընդունում են մեկ օր ընդմիջումով՝ 12–15 րոպե։
Եղևնին լավագույն դեղամիջոցն է։ Եղևնու ասեղները արժեքավոր վիտամինային պատրաստուկ են։ Դրանք պարունակում են նաև կարոտին, երկաթի, մանգանի, պղնձի և քրոմի աղեր։ Կարելի է թրմել և խմել թեյի փոխարեն։
Ասեղնատերև թեյը պատրաստվում է հետևյալ կերպ․ 30 գ (մի լիքը ճաշի գդալ) ասեղները լվանում են սառը եռացրած ջրով, լցնում մեկ բաժակ եռման ջրի մեջ, եռացնում 20 րոպե, սառում, քամում և խմում օրվա ընթացքում՝ շաքարով կամ մեղրով։
Սա հիանալի միզամուղ, լեղամուղ, քրտնաբեր և խորխաբեր միջոց է։ Այն նշանակվում է երկարատև հազի, հաճախակի մրսածությունների և ավիտամինոզի կանխարգելման համար։
Միկրոտարրերի բարձր պարունակության շնորհիվ եղևնու թեյը նպաստում է նյութափոխանակության բնական ընթացքին։ Առանձնապես արժեքավոր է այն, որ հենց ձմռանը ասեղնատերև ծառերում բուժիչ բաղադրիչների խտությունը բարձրանում է։
Այդ պատճառով ցրտին ավելի լավ «բժիշկ», քան եղևնին, դժվար է գտնել։ Սակայն ամեն ինչ պետք է չափավոր լինի․ եղևնին անվերջ «օգտագործել» չի կարելի։ Բուժիչ հատկություններ ունի միայն թարմ ասեղը։ Նույնիսկ եթե եղևնին սենյակում կանգնել է ընդամենը մի քանի օր, բուժական նպատակներով այն արդեն չի կարելի օգտագործել։

