ՊԱՏՐԱՍՏԵՔ ՀԱՎԻ ՉԱՆՉԵՐԻ ՄԱՐԻՆԻԱԴ-ՄՈԺՈԺ
ՊԱՏՐԱՍՏԵՔ ՀԱՎԻ ՉԱՆՉԵՐԻ ՄԱՐԻՆԻԱԴ-ՄՈԺՈԺ
Հավի թարմ չանչերից պատրաստված մոժոժը ավանդական հայկական նախուտեստ է։ Այն հիանալի է որպես նախուտեստ ճաշի սեղանին կամ գարեջրի հետ։ Տանը պատրաստելու շնորհիվ ապահովվում է մթերքի բարձր որակը և համի բնականությունը։
Պատրաստման բաղադրատոմսը
Հավի չանչերը լավ լվանում եք, կտում դրանց եղունգները, մոտ 2 Ժամ պահում սառը ջրի մեջ, որպեսզի արյունը դուրս գա, ջուրը թափում, կրկին լցնում սառը ջրի մեջ եւ պահում այնքան ժամանակ, մինչեւ համոզվեք, որ ամբողջական արյուը դուրս է եկել: Հանում եք վրայի կաշին, լցնում կաթսայի մեջ եւ թեթեւակի խաշում քիչ աղաջրով: Եռալուց հետո ավելացնում եք եւս մի փոքր աղ, 5-10 րոպե կրկին եփում, քաշում վրայի փրփուրը: Չթողնե՛լ, որ շատ եփի: Եփելուց հետո անմիջապես լցնել սառը ջրի մեջ, սառը հոսող ջրի տակ թողնել 5 րոպե: Վերջ, չանչերը պատրաստ են մարինացնելու համար:
Մարինացնելու համար հարկավոր է քացախ, դափնում տերեւ, գազար, սխտոր, սեւ հատիկավոր պղպեղ, խոշոր աղ (1 լիտր ջրին ավելացնել 1 ճ. գդ. աղ, իսկ 1 կգ հավի չանչերի համար պատրաստել 3 լ. ջուր, 3 ճ. գդ. աղ), լավ խառնել, մինչեւ ողջ աղը ամբողջական լուծվի: Չանչերը դասավորել ապակյա տարայի կամ էմալապատ ամանի մեջ, վրան շերտ առ շերտ դնել գազարը, հատիկավոր պղպեղը, դափնում տերեւը, սխտոր եւ 2 ճ. գդ. քացախ (քացախի օգնությամբ չանչերը պահպանում են իրենց սպիտակ եւ գեղեցիկ տեսքը): Այսքանը կատարելուց հետո տեղավորել սառնարանում: 3 օրից ունենում եք հրաշալի հավի չանչերի մոժոժ: Եթե շատ եք պատրաստել եւ ընթացքում ջուրը պակասել է, կարող եք նույն կերպ պատրաստել ջուրը եւ ավելացնել վրան:

