ԿՈՐԵԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ, ՈՐ ՍԵԽԻ ՄԵՋ ԿԱ ԼԻԿՈՊԻՆ ՖԼԱՎՈՆՈԻԴ, ՈՐՆ ՈՒՆԻ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

 

Սեխի բուժական հատկությունների մասին հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, նույնիսկ հիշատակված է Աստվածաշնչում: Սեխը մեծ պատվի է արժանացել արաբական առաջին արշավանքների շրջանում.  նրանք սեխը համարել են դրախտային բույս: Արևելքում ասում են.<

ՙՍեխը մազերը դարձնում է փայլուն, աչքերը` երիտասարդ, շրթունքները` թարմ, հնարավորությունները` իրագործելի, ցանկությունը` ուժգին, կանանց` հմայիչ՚:

*Մինչ օրս Թուրքմենստանում օգոստոս ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է ՙՍեխի տոնը՚: Նման փառատոն է անցկացվում նաև Ֆրանսիայի Կավայոն քաղաքում:

* Հնագույն տեսակներից է Կիլիկիայում մշակվող ՙԱդանա՚-ն, որի սերմերից  պատրաստում են ջրային լուծույթներ և ոգեթուրմերը և օգտագործում որպես հակահելմինտային միջոցներ:

Մեր հայրենիքում մշակվել և մշակվում են սեխի մոտ 10 տեսակ` շալախ, ջառ-ջառ, խաթունատի, սնեյվազ, դութմա, ամքյար, միանդաբ, քալամքաշ:

*Սնեյվազը հնագույն և լավագույն տեսակներից մեկն է: Հատապտուղը միջին չափի է, ձվաձև կամ էլիպսաձև, թույլ կողավոր շագանակագույն-դեղնականաչավուն մակերեսով: Պտղամիսը շատ քաղցր է, վանիլի բուրմունքով, ճռթճռթան: Փոխադրելի է, երկար պահպանվող տեսակ է:

Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են եղել սեխի պտղամսի, հյութի, սերմերի, կեղևի բուժիչ հատկությունները, որոնք նկարագրել է Ա. Ամասիացին:

Սեխի պտղամիսը պարունակում է 7-13 տոկոս շաքար, մինչև 0.2 տոկոս խնձորաթթու, հարուստ է C վիտամինով` մինչև 30 մգ 100 գ հումքի մեջ, պարունակում է նաև B1, B2, PP, B5, B6, E վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, մագնիում, կրեմնիում, ինուլիտ, երկաթ, կոբալտ, պեկտինային միացություններ, թաղանթանյութ:

*Կորեացի գիտնականները ապացուցել են, որ սեխում կա լիկոպին ֆլավոնոիդ, որն ունի հակաուռուցքային հատկություն:

* Սեխը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը, նվազեցնում ֆիզիկական հոգնածությունը, կանխարգելում մարդու օրգանիզմի հյուսվածքների քայքայումը:

* Սեխը պարունակում է գերօքսիդդիսմուտազա ֆերմենտը, որի առկայությամբ են բացատրվում վերոգրյալ օգտակար հատկությունները:

*Սեխը հարուստ է կրեմնիումով: Ինչպես կարծում են գիտնականները, մարդու կյանքը, նրա առողջությունը և ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորումը խիստ կապված են կրեմնիումի հետ: Այն ազդում է կոշտ հյուսվածքների, ինչպես նաև մաշկի և մազերի վիճակի վրա:

*Կրեմնիումը շատ լավ է ազդում գլխուղեղի կեղևի վրա, այն անհրաժեշտ է նյարդերին, աղիների պատերին, մարսողական տրակտին և ներքին օրգանների ամբողջ համակարգին: Կրեմնիումը անհրաժեշտ է միացնող հյուսվածքների գոյացման, մաշկի և մազերի առողջության համար, ճնշում է վնասակար միկրոօրգանիզմների, սնկերի գործունեությունը, կլանում է ծանր մետաղները: Կրեմնիումով հարուստ սեխի հյութը և սերմերի թուրմը վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում է նյութափոխանակությունը, լյարդի, երիկամների, վահանագեղձի, աղիների բնականոն գործունեությունը: Սեխը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին С: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, նպաստում է օրգանիզմից խոլեսթերինի դուրսբերմանը, լավացնում է մարսողական գործընթացը:

*Կալիումը և մագնիումը նպաստում են սիրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին, հեշտ յուրացվող երկաթը կանխարգելում է սակավարյունության առաջացումը:

*Սեխը աղիներում և մաշկի մակերեսին բարելավում է օգտակար միկրոօրգանիզմների միկրոֆլորան: Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն:

Ըստ Ամիրդովլաթի. ՙՍեխի սերմերն առատացնում են կնոջ կաթը և ամրացնում են տղամարդկանց սեռական կարողությունը,  սակայն սերմը վնասակար է փայծաղի համար: Ընդունման չափաբաժինը 9 գ է (3-ական գ՝ օրը 3 անգամ):

*Սեխի սերմերի յուղը կօգնի միզուղիների խոցի դեպքում, իսկ կաթնահյութը (ջրային թուրմը) օգտակար է կրծքի համար:

*Եթե սեխի կեղևը փակցնեն ճակատին, կօգնի մրսածության դեպքում: Եթե քսեն մարմնին, կօգնի միզակապության դեպքում, եթե կեղևի ջրով (թրմով) լվանան ցրտից ուռչած ոտքերը, ուռածությունը կիջնի»:

Ժողովրդական դեղատոմսեր

*Քթից արյունահոսության դեպքում 2-3-ական կաթիլ սեխի հյութը  կաթեցրեք յուրաքանչյուր քթանցքների մեջ:

*Անգինայի, բրոնխիտի դեպքում   կեղևը (հյութալի կողմով) դրեք կոկորդի, կրծքի վրա:

Շաքարային դիաբետի դեպքում  մաքրեք, փոշիացրեք, չորացրեք սերմը: 3 ճ. գդ.  հումքը 1 ժամ թրմեք 600 մլ եռացրած ջրում: Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

*Սերմը պարունակում է նաեւ ցինկ:

*Լեղաքարային հիվանդության, խոլեցիստիտի դեպքում  տրորեք կամ փոշիացրեք սեխի սերմը, 20 գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ տաք (նախօրոք եփած) կաթի մեջ, քամեք, խմեք 100 մլ` նախաճաշից առաջ:

*Երիկամների քարերի դեպքում  մանրացրեք 150 գ (թարմ կամ չորացրած) սերմը, 8 ժամ թրմեք 3 լ եռացրած ջրում, պահեք տաք տեղում (փաթաթեք լաթով), խմեք ջրի փոխարեն:

*Հոդատապի, դիսբակտերիոզի, հայմորիտի դեպքում  օրը 3-5 անգամ, ուտելուց 1,5 ժամ առաջ կամ հետո  խմեք 100-ական մլ սեխի հյութ: Շարունակեք 2 շաբաթ, ունի նաև հակահելմինտոզ ազդեցություն` խմեք նախաճաշից առաջ:

*Տղամարդկանց համարչորացրեք, փոշիացրեք սեխի սերմը, խառնեք մեղրի հետ (1:1), կերեք 1-ական ճ. գդ.` օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:

*Դժվար միզարձակության, քրոնիկ պրոստատիտի, միզապարկի քարերի դեպքում մաքրեք, մանրացրեք սեխի սերմը, 1 ճ. գդ. հումքը թույլ կրակի վրա 30 րոպե եփեք 200 մլ կաթի մեջ, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

*Փոշիացրեք չոր սերմը, լուծեք ձիթապտղի յուղի մեջ (3:4), 30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակ), 20 օր թրմեք մութ տեղում: Խմեք 1-ական ճ. գդ. նախաճաշից առաջ:

*Ալերգիայի դեպքում  մանրացրեք 1 միջին մեծության սեխի կեղևը, 3-4 ժամ  3 լ ջրի մեջ թրմեք սենյակային ջերմաստիճանի ջրում,  ավելացրեք լոգանքի ջրին (37-38 աստիճան C, 15-20 րոպե): *Կատարեք օրը մեջ, ընդամենը 7 անգամ:

*Կարելի է լոգանքաջրին ավելացնել սեխի 100 մլ հյութ:

*Գրեթե բոլոր դեղատոմսերը կազմված են ըստ Ամիրդովլաթի խորհուրդների:

*Կորյակների դեպքում   լվացվեք սերմի կամ կեղևի թուրմով:

*Տրորեք պտղամիսը, քսեք դեմքին, 10-15 րոպեից մաքրեք խոնավ անձեռոցիկով և մշակեք սնուցող քսուքով:

*Բժիշկ սննդաբանները զգուշացնում են, որ սեխի չարաշահումը կարող է որովայնում առաջացնել ցավ և լուծ:

*Հիշեք, որ սեխը չի կարելի ուտել կաթնամթերքի հետ: Խորհուրդ է տրվում ուտել որպես ինքնուրույն սնունդ՝ երկրորդ նախաճաշի կամ ետճաշիկի ժամերին:

*Ընդհանուր առմամբ սեխը չունի հակացուցումներ` չափավոր ուտելու դեպքում:

*Հղիները, շաքարային դիաբետ, ստամոքսաբորբ և խոց ունեցող հիվանդները պետք է սննդակարգը ճշտեն բժշկի հետ:

*Հակացուցված է ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:

Սեխի մակերեսին ՙբնակություն՚  են հաստատում սալմոնելը և այլ ինֆեկցիաների հարուցիչներ: *Պետք է լավ լվանալ մակերեսը:

*Չի՛ կարելի ուտել գերհասունացած հատապտուղները:  

*Կտրած սեխը պահեք սառնարանում, հերմետիկ տարայի մեջ, սակայն առավելագույնը` 3 օր: *Սառեցրած սեխի պահպանման ժամկետը մինչև 3 ամիս է:

*Սեխը վերացնում է միզապարկի, լյարդի, սրտանոթային հիվանդությունների խնդիրները:

*Սեխը ցածր կալորիականություն ունեցող սննդամթերք է, 100 գ սեխի մեջ պարունակվում է ընդամենը 33 կալորիա: Դրա շնորհիվ սեխ կարող են ուտել ավելորդ քաշի դեմ պայքարող մարդիկ: *Սեխն արագացնում է մարսողության գործընթացը, այն կարող եք ուտել, երբ ցանկանում եք և մաքրել աղիքները, երիկամներից հանում է քարերն ու ավազը,  բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը,  բարձրացնում  հակաբորբոքայինների ազդեցությունը՝ միաժամանակ նվազեցնելով դրանց թունավոր ներգործությունը,  բարձրացնում է նաեւ իմունիտետը՝ օրգանիզմը պաշտպանելով վիրուսներից,  հանդիսանում է որպես կանխարգելիչ միջոց՝ սիրտանոթային հիվանդությունների համար,  հանգստացնում է նյարդային համակարգը, արագ հագեցնում է ծարավը: