ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ ԼՅԱՐԴԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ խիստ բացասաբար անդրադառնալով ամբողջ օրգանիզմի վրա։ Այս օրգանը պատասխանատու է տոքսինների դուրսբերման, նյութափոխանակության կարգավորման, լեղու արտադրության ու կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ գործառույթների կատարման համար, ուստի դրա առողջության պահպանումը ևս կենսական նշանակություն ունի։
Այնուամենայնիվ այս օրգանը մշտապես ենթարկվում է տարատեսակ տոքսինների ու վնասակար նյութերի ազդեցությանը, ինչն էլ դառնում է լուրջ խանգարումների պատճառ։
Նման վտանգավոր խնդիրներից խուսափելու և լյարդի առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուդ են տալիս կարգավորել կենսակերպը, հրաժարվել վնասակար սովորություններից ու հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով՝ բացառելով վնասակար սննդամթերքը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենօրյա սննդակարգում որոշակի սննդամթերքի տեսակներ ներառելը կարող է շատ օգտակար լինել՝ նպաստելով լյարդի բորբոքումների ու վնասվածքների կանխմանը: Ներկայացնում ենք այդ սննդամթերքի տեսակներից լավագույնները։
Կանաչ տերևավոր բանջարեղեն. կանաչ տերևավոր բանջարեղենը (սպանախ, կաղամբ, հազար և այլն) պարունակում է օգտակար նյութեր ու միացություններ, որոնք օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալները՝ անկայուն մոլեկուլները, որոնք ունակ են վնասել բջիջները, այդ թվում նաև լյարդի բջիջները։ Բացի այդ, տերևավոր բանջարեղենը հարուստ է նաև մանրաթելերով, իսկ այս միկրոտարրերը նպաստում են քաշի նվազմանը՝ ավելի երկար պահպանելով հագեցածության զգացումն ու կանխելով սննդի չարաշահումը։ Սա իր հերթին դրական ազդեցություն է ունենում լյարդի վրա, քանի որ ավելորդ քաշն ու ճարպակալումը խիստ վնասակար են լյարդի համար։
Հապալասը հարուստ է անտոցիաններով՝ բուսական միացություններով, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Բացի այդ,այս տարրերը հզոր հակաօքսիդանտներ են, որոնք պաշտպանում են լյարդը բորբոքումներից ու վնասվածքներից։
Բրոկոլի. Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Ջեֆրին եկել է այն եզրահանգման, որ բրոկոլիի գործածությունը հիանալի միջոց է լյարդի վիճակը բարելավելու և առողջությունը պահպանելու համար։ Journal of Nutrition պարբերականում հրապարակված տվյալներով՝ բրոկոլին խոչընդոտում է լյարդում ճարպերի կուտակմանն ու լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացմանը։
Սխտոր. հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի մեջ պարունակվող ակտիվ միացությունները՝ ալիցինն ու աջոենը, օգնում են պաշտպանել լյարդը ազատ ռադիկալներից, որոնք վնասում են օրգանն ու հանգեցնում բորբոքումների։ Բացի այդ, թարմ սխտորը պարունակում է ամինաթթուներ, սպիտակուցներ ու հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են լյարդը տոքսիններից ու արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից։
Քրքումն օժտված է հզոր հակաօքսիդանտային հատկություններով, ուստի կարող է շատ օգտակար լինել լյարդի համար՝ պաշտպանելով օրգանը վնասակար տոքսիկ բաղադրիչների ազդեցությունից։
Կանաչ թեյի գործածությունը խթանում է լյարդի աշխատանքը՝ նպաստելով օրգանն ու առհասարակ օրգանիզմը տոքսիններից մաքրելու գործընթացին։
Արքայախնձորը հարուստ է մարսողական ֆերմենտներով, որոնք մասնակցում են ճարպերի ու սպիտակուցների փոխանակության գործընթացին։ Նման օգտակար բաղադրության շնորհիվ արքայախնձորի գործածությունը նվազեցնում է լյարդի ծանրաբեռնվածությունը, որը բարձրանում է, երբ օրգանը մասնակցում է մարսողության գործընթացներին։ Բացի այդ, արքայախնձորը նաև պարունակում է վիտամին C և մագնեզիում, իսկ այս տարրերը պայքարում են բորբոքումների դեմ։

